Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Դոնալդ Թրամփ. Մեր զավակները պետք է ժառանգեն մեր սերը, ոչ թե մեր կոնֆլիկտները

Դոնալդ Թրամփ. Մեր զավակները պետք է ժառանգեն մեր սերը, ոչ թե մեր կոնֆլիկտները
08.12.2017 | 10:46

Ստանձնելով նախագահի պաշտոնը` ես խոստացա աշխարհին նայել բաց աչքերով և համաշխարհային խնդիրներին վերաբերվել նոր մտածողությամբ: Մենք չենք կարող լուծել մեր խնդիրները` ելակետ ունենալով միևնույն սուտ ենթադրությունները և կրկնելով անցյալի նույն ձախողված մարտավարությունները: Չլուծված խնդիրները պահանջում են նոր մոտեցումներ: Իմ այսօրվա հայտարարությունը նշանավորում է նոր մոտեցման սկիզբը Իսրայելի ու պաղեստինցիների կոնֆլիկտին:


1995-ին Կոնգրեսն ընդունեց Երուսաղեմում դեսպանատան մասին օրենք` դաշնային կառավարությանը կոչ անելով տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ և ընդունել, որ այդ քաղաքը Իսրայելի մայրաքաղաքն է: Օրենքի օգտին Կոնգրեսում քվեարկեցին երկու կուսակցությունների ճնշող մեծամասնությունը, իսկ 6 ամիս առաջ օրենքը միաձայն ընդունվեց Սենատում: Սակայն ԱՄՆ նախորդ նախագահները 20 տարի հրաժարվում էին այդ օրենքը կատարել, չէին փոխադրում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ և չէին ճանաչում այդ քաղաքը Իսրայելի մայրաքաղաք: Նախագահների ելակետն էր, որ հետաձգելով Երուսաղեմի մայրաքաղաք ճանաչումը նպաստում են խաղաղության գործին: Ինչ-որ մեկն ասում է, որ նրանց պակասում էր քաջությունը: Սակայն նրանք իրենց դատողությունները կառուցում էին փաստերի վրա` ինչպես հասկանում էին այն ժամանակ: Այդ ժամանակից անցել է 20 տարի և մենք ոչ մի քայլ չենք մոտեցել կայուն խաղաղությանը ու խաղաղության համաձայնագրին Իսրայելի ու պաղեստինցիների միջև: Հիմարություն է ենթադրել, որ միևնույն բանաձևի կրկնությունը կտա այլ, նույնիսկ ավելի լավ արդյունք:


Այդ պատճառով ես որոշեցի, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք: Նախորդ նախագահները նույնպես ընտրարշավների ժամանակ նման խոստումներ են տվել, բայց իրենց խոսքը չեն կատարել: Այսօր ես կատարում եմ իմ խոստումը: Ես գտնում եմ, որ այդ գործողությունները համապատասխանում են ԱՄՆ-ի շահերին և Իսրայելի ու պաղեստինցիների միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այդ որոշումը վաղուց է հասունացել, քանի որ նպաստում է խաղաղության գործին և խաղաղության համաձայնագրի կնքմանը: Իսրայելը ինքնիշխան պետություն է և իբրև ցանկացած ինքնիշխան պետություն իրավունք ունի որոշել` որտեղ է լինելու իր մայրաքաղաքը: Այդ փաստի ճանաչումը անհրաժեշտ պայման է խաղաղության հաստատման համար: ԱՄՆ-ը ճանաչել է Իսրայել պետությունը 70 տարի առաջ նախագահ Հարրի Տրումենի օրոք: Այդ ժամանակից Իսրայելը իր մայրաքաղաքն է դարձրել Երուսաղեմը: Դա մայրաքաղաք է, որ հրեա ժողովուրդը ստեղծել է դեռ վաղեմի ժամանակներում: Այսօր Երուսաղեմում է նիստեր գումարում Իսրայելի կառավարությունը: Այնտեղ է Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը, նաև Գերագույն դատարանը: Այնտեղ են վարչապետի ու նախագահի պաշտոնական նստավայրերը: Երուսաղեմում են նախարարությունները: Տասնամյակներ ԱՄՆ նախագահները, պետքարտուղարները, ռազմական գործիչները` Իսրայել այցելելով, իրենց գործընկերներին հանդիպում էին Երուսաղեմում: Ես էլ եմ այդպես վարվել այս տարի Իսրայել մեկնելով:


Երուսաղեմը ոչ միայն երեք մեծ կրոնների կենտրոնն է: Այսօր նա կենտրոնն է աշխարհի ամենահաջող ժողովրդավարություններից մեկի: 7 տասնամյակում Իսրայելի ժողովուրդը ստեղծել է երկիր, որտեղ ազատ ապրում են հուդայականները, մուսուլմանները, քրիստոնյաները և այլակրոն մարդիկ, որ պահպանում են իրենց ավանդույթները` իրենց խղճի ու հավատի համապատասխան:


Երուսաղեմն այն վայրն է, որտեղ Արևմտյան պատի առաջ աղոթում են հուդայականները, որտեղ քրիստոնյաներն անցնում են Հիսուսի ճանապարհը, որտեղ մուսուլմանները աղոթում են Ալ Աքսա մզկիթում: Սակայն այս բոլոր տարիներին ԱՄՆ նախագահները հրաժարվել են պաշտոնապես ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք: Փաստացի մենք հրաժարվում էինք ընդունել, որ Իսրայելն ընդհանրապես մայրաքաղաք ունի: Բայց այսօր մենք վերջապես ճանաչում ենք ակնհայտը: Որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Դա ավելին չէ, քան իրականությունն ընդունելը: Եվ մենք ճիշտ ենք վարվում: Դա անհրաժեշտ է անել: Այդ պատճառով ես, գործելով Երուսաղեմում դեսպանատան մասին օրենքի համապատասխան` հրահանգում եմ պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելը: Մենք անհապաղ սկսում ենք ճարտարապետների, ինժեներների ու նախագծողների ընտրությունը, որ պետք է սկսեն նոր դեսպանատան շինարարությունը: Կառուցումից հետո դեսպանատունը կդառնա մեծագույն տուրք խաղաղության գործին:
Անելով այս հայտարարությունը` ես ցանկանում եմ առավելագույնս հստակ ասել, որ այս որոշումը որևէ ձևով չի նշանակում, որ մենք հեռանում ենք կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումից: Մենք ցանկանում ենք նպաստել այս համաձայնագրի կնքմանը, որ կդառնա հոյակապ գործարք իսրայելցիների ու հոյակապ գործարք պաղեստինցիների համար: Մենք ոչ մի դիրքորոշում չունենք վերջնական կարգավիճակի, Երուսաղեմում իսրայելական ինքնիշխանության և վիճելի սահմանների հարցերում: Այդ հարցերը պետք է լուծեն շահագրգիռ կողմերը: ԱՄՆ-ն առաջվա պես վճռական է նպաստելու խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Ես ամեն ինչ կանեմ, որ իմ ուժերի սահմաններում է, հանուն այդ համաձայնագրի կնքման: Անկասկած, Երուսաղեմի հարցը լինելու է ամենացավոտներից մեկը այդ բանակցություններում: ԱՄՆ-ը կաջակցի երկու պետությունների գոյության որոշմանը, եթե երկու կողմերը համաձայնեն: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին պահպանել ստատուս քվոն Երուսաղեմի սրբավայրերում, այդ թվում` Տաճարի լեռան վրա, որ հայտնի է նաև իբրև Խարամ աշ Շարիֆ: Նախ և առաջ մենք խաղաղության հույս ունենք: Դա ցանկացած մարդու հոգու բնական ձգտումն է:


Իմ այսօրվա որոշմամբ ես նորից հաստատում եմ իմ վարչակազմի խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու վաղուցվա ձգտումը տարածաշրջանում: Իհարկե, կլինեն տարաձայնություններ ու դժգոհություններ այս հայտարարությունից հետո, բայց մենք վստահ ենք, որ ի վերջո, վերացնելով տարաձայնությունները, մենք կհասնենք խաղաղության, փոխըմբռնման ու համագործակցության: Այդ սրբազան քաղաքը պետք է կյանքի կոչի լավագույնը, որ ունի մարդկությունը: Մենք պետք է հայացքներս ուղղենք ապագային ու ձգտենք չգլորվել հին թշնամանքի անդունդը, որ բացարձակապես կանխատեսելի է դարձել:
Խաղաղությունը հնարավոր է, եթե մարդիկ ուզում են: Այդ պատճառով այսօր մենք հանգստության ու չափավորության կոչ ենք անում` հուսալով, որ հանդուրժողականության ձայները կխլացնեն նրանք, որ ատելություն են քարոզում: Մեր զավակները պետք է ժառանգեն մեր սերը, ոչ թե մեր կոնֆլիկտները: Ես կկրկնեմ այն ուղերձը, որ հղել եմ պատմական ու չափազանց կարևոր համաժողովում Սաուդյան Արաբիայում այս տարի: Մերձավոր Արևելքը հարուստ մշակույթով, ոգեղենությամբ ու պատմությամբ տարածաշրջան է: Այնտեղ ապրում են հիանալի, հպարտ ու բազմազան ժողովուրդներ: Նրանք եռանդուն ու ուժեղ մարդիկ են: Սակայն այն հոյակապ ապագան, որ սպասում է այդ տարածաշրջանին, հետաձգվում է արյունահեղությամբ, ահաբեկչությամբ ու անկրթությամբ: Առաջիկա օրերին փոխնախագահ Մայք Փենսը կուղևորվի Մերձավոր Արևելք և կհաստատի ամբողջ Մերձավոր Արևելքի հետ աշխատելու մեր պատրաստակամությունը` արմատականության ջախջախման համար, որ սպառնալիք է ապագա սերունդների հույսերին ու երազներին: Նրանք, ովքեր ձգտում են խաղաղության, պետք է վտարեն էքստրեմիստներին իրենց շարքերից: Ժամանակն է, որ բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներն ու ազգերը տարաձայնություններին պատասխանեն խելամիտ բանավեճերով, ոչ թե բռնությամբ: Իսկ երիտասարդներն ու չափավորական ուժերն ամբողջ Մերձավոր Արևելքում պետք է պահանջեն լուսավոր ու փայլուն ապագա իրենց համար: Այդ պատճառով եկեք այսօր վերահաստատենք փոխըմբռնման ու հարգանքի ճանապարհով գնալու մեր վճռականությունը: Եկեք վերաիմաստավորենք հին պատկերացումները և բացենք մեր սրտերն ու միտքը նոր հնարավորություններին ընդառաջ: Եվ վերջապես` ես խնդրում եմ այդ տարածաշրջանի քաղաքական ու կրոնական առաջնորդներին, խնդրում եմ իսրայելցիներին, պաղեստինցիներին, հուդայականներին, քրիստոնյաներին ու մուսուլմաններին միանալ մեզ հաստատուն խաղաղության որոնման այս ազնիվ գործում: Շնորհակալ եմ ձեզ: Աստված օրհնի ձեզ: Աստված օրհնի Իսրայելը: Աստված օրհնի պաղեստինցիներին: Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները:
The New York Times


Հ.Գ. Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Հայտարարությունը նա արեց Սպիտակ տան դիվանագիտական ընդունելությունների դահլիճում` ծափերի ուղեկցությամբ: ՈՒշադիր կարդացեք ու գնահատեք, իսկ գուցե նա ճիշտ է ասում և արաբական աշխարհի ամբողջ ընդվզումն ու ցասումը ընդամենը թուլություն է, վախ է նոր մտածողությունից, որի արդյունքներն ու հետևանքները ոչ ոք չի կարող միանգամից ընկալել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ